Ո՞վ կլինի հաջորդ պապը: Հռոմի պապ Բենեդիկտ 16-րդի հրաժարականից հետո ամենատարբեր կանխատեսումներ են արվում հաջորդ պապի վերաբերյալ: Պապ կարող է ընտրվել արական սեռի յուրաքանչյուր մկտրված կաթոլիկ, եթե պատկանում է հռոմեական կաթոլիկ եկեղեցուն` յասպես էր առաջ, իսկ 1378 թվականից պապ ընտրվում են միայն կարդինալները: Առայժմ առավել մեծ շանսեր ունեցող թեկնածուներն են` կարդինալներ Պիտեր Տարկսոնը, Քրիստոֆ Շյոնբորնը, Անջելո Սկոլան, Օդիլիու Պեդրու Շերերը, Թիմոթի Մայքլ Դոլանը:
Կարդինալ Պիտեր Տարկսոնը Արդարության և խաղաղության պապական խորհրդի ղեկավարն է, կարդինալի աստիճանակարգ ստացել է 2003-ին Հովհաննես Պողոս Երկրորդից: Նա Գանայից է, հեռուստաաստղ և ժողովրդի սիրելին, կարող է ուժեղ մրցակից լինել:
Ավստրիացի Դոմինիկյան կարդինալ Քրիստոֆ Շյոնբորնը ծնվել է 1945 թ. Չեխոսլովակիայի Բոհեմիայի շրջանի Սկալկա ամրոցում: Վիեննայի արքեպիսկոպոսն է, Ավստրիայի գահերեց արքեպիսկոպոսը: Ծնուդով գերմանացի ազնվականների տոհմական ընտանիքից է: Կոմս Գուգո Դամիան ֆոն Շյոնբորնի և բարունուհի Էլեոնորա Օտիլիա Հիլդա Մարիա ֆոն Դոբլհոֆի երկրորդ որդին է: 1945 թ. նրանց ընտանիքը ստիպված է եղել հեռանալ Չեխոսլովակիայից, նրանք մեկնել են Ավստրիա: Ծնողները բաժանվել են 1959 թ.: 1963 թ. Քրիստոֆ Շյոնբորնը Դոմինիկյան օրդեն է մտել, աստվածաբանություն է ուսանել Փարիզի Դոմինիկյան «Le Saulchoir» ուսումնական հաստատությունում, փիլիսոփայություն և հոգեբանություն` Վիեննայի համալսարանում, բյուզանդական քրիստոնեության պատմություն` Սորբոնում, աստվածաբանություն` Փարիզի Կաթոլիկ ինստիտուտում: Աստվածաբանության լիցենցիատի աստիճան է ստացել 1971-ին, դոկտորի` 1974-ին Փարիզում: 2005-ին եղել է պապի թեկնածուներից մեկը:
Եթե կարդինալ Անջելո Սկոլան ընտրվի պապ, կուրախացնի բոլոր իտալացիներին, որ շատ են ուզում հայրենակցին տեսնել Վատիկանում լեհ և գերմանացի պապերից հետո: Անջելո Սկոլան ծնվել է Լոմբարդիայում 1941 թ. նոյեմբերի 7-ին վարորդի ընտանիքում: Հոգևորականի աստիճան ստացել է 1970-ին: Աստվածաբանության և փիլիսոփայության դոկտոր է: Վատիկանյան հիերարխիայի վերնամասում բարձր դիրքին ու ակադեմիական գործունեությանը զուգընթաց` Սկոլան ուզում է ժամանակակից աշխարհում եկեղեցին ավելի գրավիչ դարձնել: Լինելով հասարակության կյանքում եկեղեցու ակտիվ մասնակցության ջատագով` Սկոլան հրապարակայնորեն դատապարտում է ամուսնության հարցում հստակ դիրքորոշման անկարողությունը: «Մեզ չեն հասկանում, որովհետև մենք` քրիստոնյաներս, հաճախ ենք հանդես գալիս բարոյախոսական քարոզներով, փոխանակ բացատրենք պատճառները, փաստարկենք ու համոզենք: Դա մեր թերությունն է»,-ասել է կարդինալը 2005 թ.:
Բրազիլացի կարդինալ, Սան Պաուլուի արքեպիսկոպոս Օդիլիու Պեդրու Շերերը ծնվել է 1949 թ. սեպտեմբերի 21-ին Բրազիլիայի Սան Ֆրանսիշկու քաղաքում: Նովիի հիմնական եպիսկոպոսը և Սան Պաուլուի օգնական եպիսկոպոսն է եղել 2001-ի նոյեմբերի 28-ից մինչև 2007-ի մարտը: 2007-ի մարտի 21-ից Սան Պաուլուի արքեպիսկոպոսն է: 2007-ի նոյեմբերի 24-ից` կարդինալ-տիտղոսակիր հոգևորական Սանտ Անդրեա ալ Կվիրինալե եկեղեցուց: Օդիլիու Պեդրու Շերերի աստվածաբանական հայացքները գնահատվում են չափավոր:
Կարդինալ Թիմոթի Մայքլ Դոլանը ծնվել է 1950 թ. փետրվարի 6-ին ԱՄՆ-ում, Սենտ Լուիսում: Մանկուց հետաքրքրվել է եկեղեցական կյանքով, երազել է հոգևորական դառնալ: 1964-ին ընդունվել է Սենտ Լուիսի նախապատրաստական սեմինարիա, կարդինալ Գլոնոնի քոլեջում ուսանելով` ստացել է փիլիսոփայության բակալավրի կոչում: Ուսումը շարունակելու համար մեկնել է Հռոմ և դարձել աստվածաբանության լիցենցիատ: Հոգևորական Թիմոթի Մայքլ Դոլանը դարձել է 1976-ի հունիսի 19-ին: Մինչ այդ նա ծառայում էր Ռիչմոնդ Հայտսի քահանայի օգնական, որոշելով շարունակել ուսումը` սկսել է աշխատել դոկտորական թեզի վրա` ԱՄՆ-ի կաթոլիկ համալսարանում` մասնագիտանալով ամերիկյան եկեղեցու պատմության մեջ: 2002-ի հունիսի 25-ին նա դարձել է Միլուոկիի, Վիսկոնսինի արքեպիսկոպոս, յոթ տարի անց դարձել է Նյու Յորքի արքեպիսկոպոս` ունենալով 2,5 միլիոն հավատացյալներ: